Հայաստանին մեկ այլ ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև և ձյուն

19.03.2024, 12:14
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում
Հայաստանին մեկ այլ ցիկլոն է մոտենում․ սպասվում է անձրև և ձյուն
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ինչպես և կանխատեսվել էր, հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151սմ, Ամբերդում՝ 72սմ, Ջերմուկում՝ 56սմ, մյուս լեռնային մարզերում՝ 10-40սմ։

Այս պահի դրությամբ հանրապետության ողջ տարածքում տեղումները շարունակվում են և կշարունակվեն մինչև մարտի 20-ի կեսօր, որից հետո կարճ ժամանակով կդադարեն։

Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումները կվերսկսվեն, 1500մ և ավելի բարձրություններում՝ ձյան տեսքով, իսկ ցածրադիր հատվածներում՝ անձրևի։–0–