Համացանցում հրապարակվել է տեսանյութ Կապանի հենակետում լարված իրավիճակի մասին, Գլխավոր դատախազությունը ստուգում է սկսել

15.03.2021, 17:10
Համացանցում հրապարակվել է տեսանյութ Կապանի հենակետում լարված իրավիճակի մասին, Գլխավոր դատախազությունը ստուգում է սկսել
Համացանցում հրապարակվել է տեսանյութ Կապանի հենակետում լարված իրավիճակի մասին, Գլխավոր դատախազությունը ստուգում է սկսել
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գլխավոր դատախազությունն արձագանքել է սոցցանցերում հրապարակված տեսանյութին, որում նշվում է Կապանում ծառայության անբավարար պայմանների և զինծառայողներին տրվող տարօրինակ հրամանների մասին։

«Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին», – գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook–յան իր էջում։

Նրա տվյալներով, Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։

Տեսանյութում Զանգելանի կամրջի մոտ տեղակայված հենակետի հրամանատարը, թշնամու (ադրբեջանական) դիրքերի տեսանելիության սահմաններում, խոսում է ծառայության անբավարար պայմանների և զինծառայողների մտավախությունների մասին։

Նրանք մտավախություն ունեն, որ ստիպված կլինեն դիրքը հանձնել թշնամուն, «ինչ եկել ենք, ասում են` էս դիրքը պիտի տանք, սա չպահվող դիրք ա»։

«Ցուրտ ա, վրանի «ցեփն» էլ չի շխատում, ոչ էլ տաքանալու տեղ ունենք, «պոստավիկները» մի կերպ քնել են, -15 աստիճան ա։ Ոչ մի հարմարություն չկա, ոչ ջուր ունենք, ոչ փայտ ունենք, խոզի նման ենք ապրում։ Ոչ մի բան չունենք պոստում, ոչ մի բանով չեն ապահովում...Առավոտ եկել են, մի հատ էլ ասում են` դիրքը լքեք, դուրս եկեք, առանց զենքի, «մագազինը» հանի վրից, պոստի կանգնի, ըտենց բան չի լինում, չորս կողմը թուրք ա», – պատմում է զինծառայողներից մեկը տեսանյութում։

Զինծառայողները բողոքում են, որ ոչ Ռազմական ոստիկանությունը, ոչ ԱԱԾ–ն չեն աշխատում։–0–