ՀՀ նախագահը նշանակեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր 2021թ.–ի հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հրամանագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը։
Այսօր ԱԺ–ն հատուկ նիստում երկրորդ անգամ չընտրեց վարչապետ և արձակվեց` Սահմանադրությանը համաձայն։
Նշենք, որ Փաշինյանը հրաժարական տվեց ապրիլի 25–ին։ ԱԺ խմբակցությունների և ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելուց և Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:–0–