ՀՀ նախագահը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ (ՎԻԴԵՈ)

27.02.2021, 12:50
ՀՀ նախագահը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ. ՎԻԴԵՈ
ՀՀ նախագահը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ, նշվում է ՀՀ նախագահի Facebook–յան էջում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25–ին հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին գլխավոր շտաբի հայտարարությունը համարել է ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Փետրվարի 25–ին Երևանում կազմակերպվեցին Փաշինյանի կողմնակիցների և ընդդիմադիրների հանրահավաքները։ Ընդդիմությունը փակեց Բաղրամյանի պողոտան, որտեղ գտնվում է ԱԺ–ի շենքը և հայտարարեց անժամկետ ու շուրջօրյա ակցիաների մասին, որոնք կշարունակվեն մինչև Փաշինյանի հրաժարականը։–0–