ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ` նա ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է news.am-ը` հղում անելով պաշտպան Արմեն Մելքոնյանին։
Փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կկալանավորվի. վերջինը բավարարել է ներկայացված միջնորդությունը:
Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչունցը և Սուսաննա Մկրտչյանը չեն կալանավորվի. նրանք ևս ազատ են արձակվել:
2021թ. օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեում որոշումներ էին կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով (Յուրացնելը կամ վատնելը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
2021թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները ձերբակալվել էին՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։–0–