«Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բան տեսնու՞մ եք». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (ՎԻԴԵՈ)

02.12.2020, 00:45
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը չի կարծում, որ Ադրբեջանում հայկական ապրանքների վաճառքի մեջ ինչ–որ վատ բան կա. ՎԻԴԵՈ
«Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բան տեսնու՞մ եք». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը չի կարծում, որ Ադրբեջանում հայկական ապրանքների վաճառքի մեջ ինչ–որ վատ բան կա։

«Ամեն մի բառի, ամեն տառի վրա ըսենց ինչ–որ մի աղմուկներ ստեղծելը ոչ մի տեղ չտանող ա։ Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որևէ վատ բան տեսնու՞մ եք», – հայտարարեց նա լրագրողներին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, հաղորդում է factor.am–ը։

Պատասխանելով այն հարցին, թե նորմա՞լ է, որ ադրբեջանական ապրանք լինի Հայաստանում, եթե նույն ադրբեջանցիները սպանում էին հայ զինվորներին` Գևորգյանը նշեց. «Չգիտեմ` ուր եք տանում, ուր եք գնում այդ մտածելակերպով»։

Ինչի մասին է խոսել էկոնոմիկայի նախարարը

Օրերս էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախանշել է այն հնարավորությունները, որոնք կստանա ներքին տնտեսությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում, որոնք նշված են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

Նա երկարաժամկետ հեռանկարում մատնանշել է Թուրքիայի նավահանգիստները և, հնարավոր է, ադրբեջանական շուկան օգտագործելու հնարավորությունները` պարզաբանելով, որ « բաց սահմանները շատ լավ են տնտեսության համար, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն ՝ մեր տնտեսությունը կարող է որակապես հասնել համաշխարհային մակարդակի: Եթե երկիր էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ», – նշել է նախարարը։

Նա անդրադարձել է պատերազմի ընթացքում ըդունված օրենքին, որ 2020 թ-ի հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը․ խոսքը մոտ 2200 տիպի ապրանքի մասին է։ Արդյունքում, ազատվելու է մոտ 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։ Նա կոչ է արել բիզնեսմեններին դիտարկել առկա հնարավորությունները և այնպես անել, որ հունվարի 1-ից թուրքական ապրանքների փոխարեն մեր խանութների դարակներին հայտնվեն հայկական նմանատիպ ապրանքներ։–0–