Երեքշաբթի` հոկտեմբերի 1–ի առավել ուշագրավ նորությունները
02.10.2019,
08:00
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 1–ի առավել ուշագրավ նորությունները։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հոկտեմբերի 1–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։ Այս մասին նա հայտարարել է այսօր Երևանում անցկացվող ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։ «Չնայած դրական դինամիկային, կան ոլորտներ, մասնավորապես գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար չեն առաջարկվում միության երկրների ազգային արժույթով, և այդ պատճառով ազգային արժույթով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնման հարցը պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը», – նշել է ՀՀ վարչապետը։ Նա նաև տեղեկացրել է, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված է ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման հայեցակարգի մասին հարցը։ «Սա արդեն լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման ճանապարհին, ինչպես նաև նախադրյալ է` ԵԱՏՄ–ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի մշակման և ազգային արժույթով հաշվարկներին անցնելու նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծման համար», – նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
- «Լեչե»-«Ռոմա» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքը լուրջ է։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։ Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Հասան Ռոհանիի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում: Վարչապետ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ: Կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:
- «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի առաջատար բուհերի` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի և Հայ–ռուսական սլավոնական համալսարանի հետ համատեղ գործարկում է Digital–մրցույթ լրագրող ուսանողների համար։ «Մրցույթի նպատակն է խթանել ուսանողներին մուլտիմեդիոն ձևաչափում ստեղծել սեփական նախագիծը` գործակալությունում ստաժավորում անցնելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորությամբ», – նշել է «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։ Ուսանողների աշխատանքները պետք է ներառեն ակտուալ և օգտակար տեղեկատվություն Հայաստանի գաստրոնոմիկ նրբությունների, ավանդույթների, ինչպես նաև տուրիստական ուղղությունների մասին։ Մրցույթի մասնակիցների խնդիրն է ընթերցողներին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։ Երեք լավագույն աշխատանքները կհրապարակվեն foodandwine.newsarmenia.am կայքում։ Հաղթողները կստանան մրցանակներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած ուսանողը հնարավորություն կստանա ստաժավորում անցնել գործակալությունում։
- Երևանում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվել է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Արարողակարգային ձեռքսեղմումից և տեսանկարահանումից հետո տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։ Նիստում քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ֆինանսատնտեսական, մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացման, ԵԱՏՄ միջազգային համագործակցության խորացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Ի գիտություն է ընդունվել ԵԱՏՄ 2018 թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, քննարկվել է Միության 2020 թ. բյուջեն։ Նիստում ստորագրվել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր: ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշում են ընդունել՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:–0–