ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում քաղաքացիներին չվախենալ ներկրված բանանից և Չինաստանից ուղարկվող ծանրոցներից կորոնավիրուսով վարակվելով հնարավորության պատճառով։
«Վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով», – նշել է Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում։
Նրա խոսքով, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:
Ինչպես նշել է նախարարը, մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր:
«Մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր: Հետևաբար՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումից զերծ մնալու կարիք չկա», – նշել է առողջապահության նախարարը։–0–