ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Գեղարքունիքի մարզում հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայող Դավիթ Քոչարյանը Չինչին գյուղից էր։
Ինչպես նշվում է Բերդի համայնքապետարանի Facebook–յան էջում, Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:
«Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է: Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ: Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում: Խոնարհվում ենք», – նշվում է հաղորդագրության մեջ
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Դավիթ Քոչարյանը մեկ տարվա զինծառայող էր։ Ընտանիքի կրտսեր երեխան էր, իրենից մեծ մի քույր ունի։
Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ`ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը, կա 4 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, որը հիմնականում կատարվում է։–0–