Ավինյանը հանձնարարեց անցնել կոնկրետ միջոցների՝ կանխելով տրանսպորտում չվճարման դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Քաղաքացիների որոշ քանակ այնուամենայնիվ շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրակցության ժամանակ։
«Իհարկե քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը։ Չվճարելու դրդապատճառները տարբեր են։ Մարդ կա իրապես համարում է, որ թանկացումն արդարացված չէ, մարդ կա՝ ուղղակի առիթից օգտվում է, ինչը էականորեն վնասում է քաղաքային բյուջեին», – ասաց նա։
Նրա խոսքով, տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր, երբ վարորդները հրաժարվում են վարել, որովհետև իրենց աշխատանքային պայմանագրով նախատեսված է, որ իրենք պետք է հետևեն, որպեսզի վճարումները կատարվեն։
«Ուզում եմ վարորդներին իմ աջակցությունը հայտնել, չնայած տեսնում եմ, որ լինում են միջադեպեր, երբ նրանց կողմից կոշտ արձագանք է լինում, դա էլ նույնպես հասկանալի է, որովհետև ծանր աշխատանք է։ Բայց օրինակ մի տեսահոլովակ աչքովս ընկավ, երբ ակնհայտորեն հաշմանդամություն ունեցող անձը, ով միգուցե տեղեկացված չէ, որ իր ուղևորափոխադրումը կարող է անվճար լինել, չի ստացել տրանսպորտային իր քարտը։ Հետևաբար մենք պետք է շարունակաբար տեղեկացնենք մարդկանց, որ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար այսուհետ տրանսպորտից օգտվելը անվճար է»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ քաղաքացիները մի փոքր ավել են վճարում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք, զոհված զինծառայողների ծնողները, այրիներն ու երեխաները երթևեկեն անվճար։
Ավինյանի խոսքով՝ ընդդմությունը մոլորեցնում է քաղաքացիներին՝ խեղաթյուրելով իրականությունը։
Ավինյանը հանձնարարեց անցնել կոնկրետ միջոցների կիրառման՝ կանխելով չվճարման դեպքերը։