«Ավրորա» նախաձեռնությունը 2մլն դոլար կհատկացնի`ի աջակցություն հայաստանցի և արցախցի երեխաներին

05.10.2020, 22:55
«Ավրորա» նախաձեռնությունը 2մլն դոլար կհատկացնի`ի աջակցություն հայաստանցի և արցախցի երեխաներին
«Ավրորա» նախաձեռնությունը 2մլն դոլար կհատկացնի`ի աջակցություն հայաստանցի և արցախցի երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրները 1 միլիոն դոլար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին և նախաձեռնում են 1 միլիոն դոլարի հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած երեխաներին։ 

Ինչպես նշվում է «Ավրորա» նախաձեռնության մամուլի ծառայության կողմից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տրամադրած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրեգորյանի և Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ, միջոցները կուղղվեն Հայաստանի և Արցախի անմիջական կարիքները հոգալու և հայկական երկու հանրապետությունների՝ պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական և այլ օժանդակության ֆինանսավորումն ապահովելու համար:

Աֆեյան, Գրեգորյան եւ Վարդանյան ընտանիքները 1 միլիոն դոլար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ իրենց ուժերը միավորելով Հայաստանի ու Արցախի քաղաքացիների, հայկական համաշխարհային համայնքի անդամների եւ հայերի բարեկամների հետ: Ի լրումն դրա, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ UWC Դիլիջան դպրոցը, որոնք երկուսն էլ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ են, հայտարարում են 1 մլն դոլարի հատուկ ծրագրի եւ միջազգային դրամահավաքի ձեռնարկումների մեկնարկի մասին՝ ապահովելու համար հետագա ֆինանսավորում, որը կուղղվի պատերազմից տուժած հայ երեխաների կրթությանն ու բարեկեցությանը:

Загружается новость ... "Лево"

««Մենք խորապես անհանգստացած ենք եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եւ տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացված այս ուժգին հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։ Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝  խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը եւ հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - հայտարարել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները:

Նշվում է, որ 2015 թվականին՝ օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի օրը, սկիզբ դրվեց միջազգային մրցանակի ու մարդասիրական նախաձեռնության՝ հարգելու հայերին փրկողների հիշատակը:

«Երբեք չէինք պատկերացնի, որ ներկա ժամանակներում ևս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծայրահեղ կարիքի այս պահին օգնության ձեռք են մեկնում մեզ»,– նշել են համահիմնադիրները։

«Ավրորայի» և UWC Դիլիջանի բարեկամներն ու աջակիցները կարող են միանալ նորաստեղծ հատուկ նախագծին՝ նվիրատվություններ կատարելով UWC Դիլիջանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և #AraratChallenge շարժման կայքերի միջոցով:–0–