Արմեն Սարգսյանն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին դուրս մղելու ընթացքը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին դուրս մղելու, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները բացառելու ուղղությամբ իրականացվող գործողությունների ընթացքին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։
Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար։ Հանրապետության նախագահը ներկայացրել է իր դիտարկումները:–0–