Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ

14.07.2021, 10:17
Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ
Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Ազատման որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31–ին ստորագրել է հրամանագիր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ Պաշտոններից ազատվեցին նաև ԱԳ նախարարի 4 տեղակալներից երեքը` Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը։ 

ԶԼՄ–ներում և սոցցանցերում վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար է նշանակվելու Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս տարվա հունիսին Գրիգորյանը մեղադրել էր Արա Այվազյանին անվտանգության հարցերը, մասնավորապես` գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու մեջ։–0–