ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում:
Նրանք այսօր բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց։ Ակցիային մասնակցում են նաև Ադրբեջանում ապօրինի դատապարտված գերիների հարազատները։
Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում՝ հայտարարելով, որ կմնան կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ այդ հանդիպումը տեղի չի ունեցել։
«Ակնկալում ենք հանդիպում մեր երկրի ղեկավարի հետ՝ մեր վարչապետի հետ՝ կապված մեր հերոսների վերադարձի հետ։ Մեր մարզի (Շիրակ, խմբգր.) 62 տղաներից 38 դեռ գտնվում են Բաքվում՝ գերության մեջ։ Մեր անցած հանդիպումների արդյունքում ակնկալում էինք, որ լուծում կտրվեր և մեր հերոս տղաները տուն կգային։ Ցավոք ժամանակահատվածը շատ է երկարում, և մենք այսօր ցանկացանք պարոն վարչապետի հետ հանդիպում ունենալ, որպեսզի որոշ պարզաբանումներ մտցնեին էրեխեքի հետ վերադարձի հետ կապված, սա է մեր նպատակը»,-ասաց ծնողներից մեկը։
Նրա խոսքով՝ իշխանությունն իրենց խոստացել է, որ խնդրին լուծում կտա, նույնիսկ ժամկետ է նշվել, բայց ժամկետը երկարում է, հույսն էլ մարում:
«Մենք էլ՝ ծնողներս, հոգեպես շատ ծանր վիճակում ենք գտնվում, ընտանիքների վիճակն ահավոր է, լավ բանի չի տանում էս խնդիրը», - ասաց նա լրագրողների հետ զրույցում ։
Ծնողներից մեկի խոսքով էլ՝ արդեն 8 ամիս է անընդմեջ գալիս ու գնում են, բայց կառավարությունից ոչ մի արձագանք չկա:
«Մենք արդեն ի զորու չենք լսելու նրանց, հետ գնալու, ու սպասելու, թե երբ կկանչեն:Մենք ուժ չունենք այլևս, ուզում ենք մարդավարի ընդունեն, և ճիշտ պատասխան տան մեզ»,-ասաց ծնողներից մեկը:
«Ես անիմաջապես խոսել եմ, ու մեզ խոստացել են, որ հուլիսի վերջին կլինի 20-25 հոգու վերադարձ: Մնացած 20 հոգին էլ մինչև օգոստոսի 15-ը պետք է վերադառնար, բայց երեխեքը դատապարվեցին 6 տարի ազատազրկման»,- ասաց ծնողներից մեկը:
Գերիների հարազատները նաև նշեցին, որ չեն հեռանա կառավարութան շենքից այնքան ժամանակ մինչև իշխանություններից չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովն օրերս հայտնել էր, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցը Ռուսաստանի մշտական վերահսկողության տակ է:
Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
Հայաստանի իշխանությունները չեն հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշգրիտ թիվը՝ այն համարելով պետական գաղտնիք: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ադրբեջանում գերության մեջ պահվող 288 հայ ռազմագերիների մասին հարցումներ են եղել: Ընդհանուր առմամբ, հուլիսի 3-ի դրությամբ հաջողվել է տուն վերադարձնել 102 գերու: Վերջին շրջանում Բաքվում քրեական գործընթացներ են ընթանում հայ գերիների նկատմամբ, որոնց շինծու մեղադրանքներ են ներկայացվում:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հայ ռազմագերիներին դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով «ահաբեկչության, անօրինական զենք պահելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար»։
Ադրբեջանական դատարանի որոշմամբ, Հայաստանի քաղաքացիներն իրենց պատիժը կկրեն ընդհանուր ռեժիմի բանտում, պատժաչափի ավարտից հետո էլ կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից։
Հայաստանցի զինվորականները գերեվարվել էին ռազմական գործողությունների ավարտից ավելի քան մեկ ամիս անց։-0-