Արցախցի կանայք պահանջում են միջազգային հանրությունից չլռել, նրանց հետ կհանդիպի ՄԱԿ–ի ներկայացուցիչը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

19.10.2020, 14:16
Արցախցի կանայք պահանջում են միջազգային հանրությունից չլռել, նրանց հետ կհանդիպի ՄԱԿ–ի ներկայացուցիչը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Արցախցի կանայք պահանջում են միջազգային հանրությունից չլռել, նրանց հետ կհանդիպի ՄԱԿ–ի ներկայացուցիչը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախցի կանայք` երեխաների հետ, այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի առաջ` պահանջելով ճանաչել Արցախի Հանրապետությունն ու կանգնեցնել ադրբեջանա–թուրքական–ահաբեկչական ագրեսիան։

 - рис.1

Ակցիային մասնակցել են հարյուրավոր կանայք և երեխաներ, որոնք պատերազմի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տներն ու ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Նրանք վանկարկել են «Ճանաչում», «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Դադարեցրեց թուրքական ագրեսիան», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Մի լռեք»։ Նրանք նաև թվարկել են Ադրբեջանի հարվածներից տուժած քաղաքները` Ստեփանակերտ, Շուշի, Հադրութ, Մարտունի, Մարտակերտ և այլն։

 - рис.2

Ակցիայի մասնակիցները ձեռքում պահել են պաստառներ, որոնց վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն գրված է «Ճանաչեք Արցախը», «Կանգնեցրեք պատերազմը», «Կանգնեցրեք Էրդողանին», «Մենք գոյություն ունենք», «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Ահաբեկչությունն արդեն քթի տակ է» և այլն։

 - рис.3

Ցուցարարները հասել են ՄԱԿ–ի գրասենյակ` պահանջելով հանդիպել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Ակցիայի մասնակիցներից չորսին հրավիրել են մտնել շենք։ Կողմերը պայմանավորվել են ժամը 17։00–ին հանդիպել ՀՀ–ում ՄԱԿ–ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։

 - рис.4

Ցուցարարները նշել են, որ չեն հեռանա մինչև ժամը 17։00–ը, կմշակեն պահանջները, որոնք կստորագրվեն հավաքվածների կողմից և կներկայացվեն Շարփին։

«Մենք պահանջել ենք, որպեսզի ՄԱԿ–ի ներկայացուցիչը գնա Արցախ։ Նա անձամբ պետք է փաստի տեղի ունեցածն ու համապատասխան արձագանքը ներկայացնի միջազգային հանրությանը», – նշել է ակտիվիստԼիանա Ադամյանը։

 - рис.5

Պատերազմի սկզբից հայկական սփյուռքի ներկայացուցիչները կազմակերպում են բողոքի բազմահազարանոց ակցիաներ աշխարհի տարբեր երկրներում` ի աջակցություն Հայաստանի և Արցախի, պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել Արցախի անկախությունը։ Ցուցարարներն անգամ փակել են Եվրոպայի միջպետական մայրուղիները` ուշադրություն գրավելով իրենց պահանջներին։

Երևանում հոկտեմբերի 12–ից կազմակերպվում են խաղաղ քայլերթեր դեպի տարբեր երկրների դեսպանատներ` Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։–0–