Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

Սաղաթելյանն ազատ արձակվեց։
Փետրվարի 19–ին ԱԱԾ–ն բերման էր ենթարկել ու ձերբակալել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա» մեդիոհոլդինգի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ու ևս հինգ քաղաքացու։ Բեքարյանին, Սաղաթելյանին և ևս երկու ձերբակալվածի մեղսագրվում է, մասնավորապես, #Gagik_Soghomonyan անունով ֆեյքային էջի կառավարում և չթույլատրված տեղեկատվության հրապարակում։
Ձերբակալելուց առաջ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են Սաղաթելյանի և Բեքարյանի աշխատասենյակները։ Փաստաբանների խոսքերով, խուզարկության ընթացքում առգրավվել են հեռախոսներ և համակարգիչներ ՀՀ Սահմանադրության և ՔՕ կոպիտ խախտումներով։
ԱԱԾ էին բերման ենթարկվել նաև Սաղաթելյանի գրասենյակի երեք աշխատակիցները, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, նրա հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը ևս առգրավվել են։ Էլիբեգովային և Մելոյանին հարցաքննել են, այնուհետև ազատ են արձակել։
Բեքարյանին և Սաղաթելյանին նույն երեկո մեղադրանքներ են առաջադրվել երեք հոդվածներով` ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում։
Փետրվարի 21–ին Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց, նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը կարծում է, որ առաջադրված մեղադրանքներն ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն են և որևէ կերպ չփաստարկված։
Հաջորդ օրը Երևանի դատարանը մերժեց Կարեն Բեքարյանին կալանավորելու ԱԱԾ քննիչների միջնորդոթյունը։ Դուրս գալով դատարանի շենքից` Բեքարյանը հայտարարեց, որ այս գործընթացը համարում է քաղաքական հետապնդում, իսկ նախաքննությունն ու քրեական գործը տրամաբանությունից զուրկ են։–0–