Ադրբեջանը նախօրեին հարվածել է ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների ուղղությամբ. Փաշինյան

29.09.2022, 11:43
Ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել,  գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում
Ադրբեջանը նախօրեին հարվածել է ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների ուղղությամբ. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում պետք է արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքները իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքն օկուպացված է: Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից», – նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, կառավարությունը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28–ին ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ադրբեջանի սադրանքի հետևանով հայկական կողմն ունի երեք զոհ։–0–