ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Առողջապահության նախարարությունը ներկայացնում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում։
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։
Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։
Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հիշեցնում և հորդորում է.
- Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն,
- Խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
- Եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
- Հագնվե´ք եղանակին համահունչ,
- Պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
- Օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- Հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- Հետևե´ք անձնական հիգիենային։
ԱՆ-ից հիշեցնում են, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում