ԱԽ քարտուղար. Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող

17.06.2022, 14:49
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող
ԱԽ քարտուղար. Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստի ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին։

Գրիգորյանը, մասնավորապես, նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։

Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի արդյունքում զոհվել էր ՀՀ ԶՈՒ-ի զինծառայող։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է, այսպես կոչված, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը, և Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։ Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։

 Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։–0–