ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, 2017 թվականի հունվարի 13-ին Երևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ ընկերուհին` 1990 թվականին ծնված Քրիստինե Արզումանյանը, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին երեկոյան տուն վերադառնալու նպատակով Բագրատունյաց պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից նստել է տաքսի ավտոմեքենա, սակայն տուն չի վերադարձել և մինչ օրս նրանից որևէ տեղեկություն չունի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:
Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ Ք.Արզումանյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Արդյունքում պարզվել է այն տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որի ծառայությունից տուժողն օգտվել է դեկտեմբերի 27-ին։
Փաստական տվյալների համաձայն՝ տուժողը ճանաչել է նրան և հաճախակի օգտվել նրա ծառայություններից։ Բացի այդ, մի քանի այլ անձանց հետ խաղացել են վիճակախաղ և դեպքի օրը տուժողը պետք է ստանար վիճակախաղի գումարը՝ 500.000 դրամ։
Դեկտեմբերի 27-ի երեկոյան աղջիկը խնդրել է ուղևորվել Սիսիան և վարորդը համաձայնել է կատարել փոխադրումը։ Ճանապարհին վիճակախաղի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վարորդը հարվածել է աղջկան, ապա նաև ձեռքերով սեղմել նրա պարանոցը, որի հետևանքով վերջինս մահացել է, և դիակը նետել է ձորակը։
Վարորդի մատնանշած վայրում՝ Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկից դեպի Եղեգնաձոր տանող ավտոմայրուղու 5300-րդ մետրում գտնվող ձորակում, հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմինը։
Վերցվել են համապատասխան փորձանմուշներ և նշանակվել դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում