Ոստիկանություն. վերջնական ընտրացուցակների հրապարակումից առաջ սխալների մասին գրավոր հայտարարություն չի ստացվել

06.12.2015, 12:16
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերջնական ընտրացուցակների հրապարակումից առաջ սխալների մասին գրավոր հայտարարություն չի ստացվել:
Ոստիկանություն. վերջնական ընտրացուցակների հրապարակումից առաջ սխալների մասին գրավոր հայտարարություն չի ստացվել

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերջնական ընտրացուցակների հրապարակումից առաջ սխալների մասին գրավոր հայտարարություն չի ստացվել, տեղեկացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Դեկտեմբերի 6–ին Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։ Բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ Ժամը 08։00–ից երկրի ողջ տարածքում բացվել են 1997 ընտրատեղամասեր։ Քվեարկությունը կավարտվի ժամը 20։00–ին։

«Օրենքով սահմանված ժամկետների շրջանակում քաղաքացիներին, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, կուսակցություններին, ԶԼՄ–ներին և բոլոր շահագրգիռ անձանց տրամադրվել է հնարավորություն հանրաքվեին մասնակցող քաղաքացիների ցուցակներում սխալներ գտնելու դեպքում դիմել ոստիկանություն, եթե անգամ սխալները վերաբերում են այլ անձանց», – նշեց Բիչախչյանը։

Նա ավելացրեց, որ հայտարարությունները ստանալու գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Անձնագրային և վիզաների վարչությունում բացվել է «թեժ գիծ», որը գործել է նաև հանգստյան օրերին։

««Թեժ գծի» միջոցով ստացվել է 88 ահազանգ, որոնցից 82–ը` տեղեկատվական բնույթի։ Հինգ ահազանգի կապակցությամբ ստուգված տեղեկատվության համաձայն` պարզվել է, որ սխալի հետևանքով բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների հասցեն սխալ է նշվել», – ընդգծեց Բիչախչյանը։

Նա նշեց, որ գտնված բոլոր սխալներն ուղղվել են։

Դեկտեմբերի 5–ի տվյալներով` Ընտրողների ռեգիստրում ներառված է 2 մլն 550 հազար 323 մարդ։ Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։–0–