Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Պերմյակովի գործով բոլոր բողոքները

19.12.2016, 12:25
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մասնակցությամբ դատավորներ Սերգեյ Չիչոյանի և Մխիթար Պապոյանի, երկուշաբթի մերժեց Պերմյակովի գործով երկու վեարքննիչ բողոքները:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Պերմյակովի գործով բոլոր բողոքները
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, մասնակցությամբ դատավորներ Սերգեյ Չիչոյանի և Մխիթար Պապոյանի, երկուշաբթի մերժեց Պերմյակովի գործով երկու վեարքննիչ բողոքները, հաղորդում է pastinfo–ն։

Վերաքննիչ դատարանը, այսպիսով, անփոփոխ թողեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. օգոստոսի 23-ի դատավճիռը, որով ամբաստանյալ Վալերի Պերմյակովը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, կյանքի իրավունքի խախտման հիմքով բարոյական վնասի հատուցման պահանջով քաղհայցը վարույթ չընդունելու մասով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ ներկայացվել էր 3 վերաքննիչ բողոք։ Տուժողների իրավահաջորդ Արամազդ Կիվիրկյանը պահանջում էր դատավճիռը բեկանել և քաղհայցի մասով գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը ընդհանուր առմամբ դատավճռի դեմ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել դատավճիռը և գործը նոր քննության ուղարկել առաջին ատյանի դատարան,
իսկ Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի բողոքը Պերմյակովը հետ էր վերցրել:

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։-0-