«Veolia Jur» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները. փորձագետ

07.09.2017, 19:41
Հայաստանի ջրամատակարարման միասնական «Veolia Jur» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները:
 «Veolia Jur» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ջրամատակարարման միասնական «Veolia Jur» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, հայտնեց «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը։

2017 թվականի հունվարի 1–ից «Veolia Jur» ընկերությանն անցել է հինգ ընկերությունների` «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղ», «Լոռի ջրմուղ» և «Նոր Ակունք» ընկերությունների գույքի կառավարումը։

«15 տարով ստորագրված պայմանագրում հստակ նշված է, որ ընկերությունը պարտավորվում է բարձրացնել ջրամատակարարման համակարգի արդյունավետությունը` օտարերկրյա ներդրումներ ներգրավելով, և չի բարձրացնի սակագները, այլ հակառակը` կձգտի ջրի գների իջեցմանը։ Սակայն կես տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ տեսնում ենք գները բարձրացնելու ցանկություն», – ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4–ին մամուլի ծառայությունից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել էին, որ «Veolia Jur»–ը ծրագրում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ջրի սակագների բարձրացման համար։ Ներկայում Հայաստանում ջրի սակագինը մեկ խորանարդի դիմաց կազմում է 180 դրամ, ընկերությունն առաջարկում է բարձրացնել սակագինը մինչև 194.3 դրամ։

Փորձագետը նշեց, որ 2017 թվականի հունվարին սակագինը 10 դրամով բարձրացնելուց հետո ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հույս հայտնեց, որ դա առաջիկա տարիներին վերջին թանկացումն է։

Ղուկասյանն ընդգծեց, որ ընկերությունը նաև պարտավորվում էր արդիականացնել ջրամատակարարման համակարգը և բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, սակայն խոստումները չեն կատարվել։

«Ջրամատակարարման համակարգի կառավարումը ոչ արդյունավետ է իրականացվում։ Մինչ օրս համակարգի 80 տոկոսը չի արդիականացվել։ Հարցեր է առաջացնում նաև ընկերության մատուցած ծառայությունների որակը»,– ասաց փորձագետը։

Ղուկասյանը նշեց, որ տվյալ իրավիճակը Հայաստանի իշխանությունների անուշադրության պատճառով է, և միայն նրանց կամքի առկայությունը կարող է լուծել այս խնդիրը։

«Մենք պահանջում ենք մերժել ընկերության հայտը և աուդիտ անցկացնել, պարզելու համար գների բարձրացման իրական պատճառները»,– ասաց փորձագետը։ -0-