Սերժ Սարգսյանի եղբորորդին Չեխիայից տեղափոխվեց Հայաստան (ՎԻԴԵՈ)

21.12.2019, 11:22
Սերժ Սարգսյանի եղբորորդին Չեխիայից տեղափոխվեց Հայաստան. ՎԻԴԵՈ
Սերժ Սարգսյանի եղբորորդին Չեխիայից տեղափոխվեց Հայաստան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան:

«Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը»,- հայտնել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում էր կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը,

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։-0-