Սեյրան Օհանյանը հայտնեց, որ երկու արտահայտություններն է արգելել օգտագործել բանակում

09.02.2016, 14:08
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի ԵՊՀ ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե որ երկու արտահայտություններն է արգելել բանակում օգտագործել:
Սեյրան Օհանյանը հայտնեց, որ երկու արտահայտություններն է արգելել օգտագործել բանակում
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի ԵՊՀ ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե որ երկու արտահայտություններն է ինքն արգելել բանակում օգտագործել:

«Առաջին արտահայտությունը, որ արգելել եմ մեր զինված ուժերին. «Բանակը` հասարակության հայելին է»,-ասաց Օհանյանը: Նրա խոսքով, այս արտահայտությամբ կարծեք թե արդարացվում են ԶՈՒ-ում ցանկացած բացասական երևույթ: «Հաշվի առնելով բանակում գործող հատուկ ռեժիմը՝ այստեղ նման երևույթների դեմ պայքարելն ավելի հեշտ է, քան քաղաքացիական կյանքում»,-նշեց նախարարը:

Երկրորդ արգելված արտահայտությունը. «Այդպիսի երևույթներ բոլոր բանակներում էլ կան»: Նրա խոսքով, հայ ազգային բանակը իր կայացման բարձրագույն փուլում պետք է ցուցաբերի բարձր հայրենասիրություն, ազգային և ռազմական ավանդույթներ, մարդկային բարձր որակներ և մարտական համերաշխություն:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի Զինված ուժերին հաջողվեց բացասական երևույթների դեմ  մեծ  հաջողությունների հասնել, հանցագործությունները հասցնել նվազագույնի: Նա նշեց, որ դրան հաջողվեց հասնել հասարակության հետ աշխատանքի, սպայական կազմի մակարդակի բարձրացման, խնդիրներն օպերատիվ կարգավորելու շնորհիվ: —0--