ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը հասել է ռեկորդային ցուցանիշի։ Իսկ Մխիթարյանի` «Հանովերի» դարպասն ուղարկած գնդակը լավագույնն է ճանաչվել Գերմանիայի առաջնության 21–րդ տուրում։
Զորամասերից մեկում երկու զինծառայող հրազենային վիրավորում է ստացել, ինչի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նախնական տվյալներով` շարքային զինծառայողը նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատարի ուղղությամբ, իսկ հետո ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:
Հայաստանի խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ 71 կողմ, 17 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին վերաբաժանվեց։ Նախագահ Սերժ Սարգսյանը նույն երեկո հաստատեց այդ վերաբաժանումը։
ՀՀ ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց ՀՀԿ–ի և ՀՅԴ–ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման ամսաթիվը։ Նա նշեց, որ կուսակցությունները կկիսեն երկրի ապագայի համար ստանձնած պատասխանատվությունը։ Այս կապակցությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունն առանց էյֆորիայի է վերաբերվում նախարարական պորտֆելներին։
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը չորեքշաբթի ուշ երեկոյան տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի ուշ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ Սահակյանը որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության տակ։–0–
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով