Նախարար. Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման էլեկտրոնային կտրոնների համակարգ կներդրվի

05.05.2017, 17:50
Տեխսզննման կտրոն այլևս չի լինի, դրա փոխարեն կգործի էլեկտրոնային համակարգ։
Նախարար. Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման էլեկտրոնային կտրոնների համակարգ կներդրվի
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման էլեկտրոնային կտրոնների համակարգ կներդրվի, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Նախարարի խոսքով, որոշվել է ամբողջովին վերանայել տեխզննման  համակարգը, քանի որ այն այսօր կրում է զուտ ձևական բնույթ։ Մասնավորապես, տեխսպասարկման կտրոնի համար կարելի է վճարել ցանկացած բանկում` չանցնելով ստուգում։

«Տեխսզննման կտրոն այլևս չի լինի, դրա փոխարեն կգործի էլեկտրոնային համակարգ, որտեղ բոլոր վերահսկող կառույցները կկարողանան ստուգել տեխզննման առկայությունը», – ասաց Մարտիրոսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ ավտոմեքենան չի կցվի էլեկտրոնային համակարգին մինչև չանցնի իրական տեխզննում։

Նախարարը տեղեկացրեց, որ համակարգն արդեն փորձարկվել է թեստային ռեժիմում։ Ենթադրվում է, որ այն կգործարկվի մինչև տարեվերջ օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո։

«Փորձում ենք ամեն ինչ մաքսիմալ կերպով տեղափոխել էլեկտրոնային համակարգ` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով», – ասաց Մարտիրոսյանը։
Նախարարն ավելի վաղ արդեն հայտարարել էր ավտոմեքենաների տեխսպասարկման կտրոնների համակարգից հրաժարվելու ծրագրերի մասին, որն իրեն չի արդարացնում։

Ըստ նոր էլեկտրոնային համակարգի, տեխզննում անցնելուց հետո տրանսպորտային միջոցը կներառվի էլեկտրոնային տվյալների բազա, որը հասանելի կլինի Ճանապարհային ոստիկանությանը, որն էլ իր հերթին կկարողանա ավտոմեքենայի համարանիշներով ստուգել տեխզննման փաստը։–0–