Մինչև 2024 թ.–ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու. Փաշինյան

27.11.2018, 21:19
Փաշինյանի խոսքով, մինչև 2024 թ.–ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։
Մինչև 2024 թ.–ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մինչև 2024 թ.–ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ալավերդիում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։

««Վեոլիա ջուր» ընկերության և Հայաստանի կառավարության միջև կնքված նախկին պայմանագրով դեկտեմբերին խմելու ջուրը պետք է թանկանար 11 դրամով։ Եվ մենք` կառավարությունը, այս ընթացքում բանակցեցինք «Վեոլիա ջրի» հետ և պայմանավորվեցինք, որ մինչև 2024 թ.–ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»,– հայտարարեց Փաշինյանը։

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, Հայաստանում ջրամատակարարման միակ օպերատորը` «Վեոլիա ջուր» ընկերությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ջրի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել։  Ընկերության հայտի համաձայն, առաջարկվում էր մեկ խմ ջրի համար ներկա սակագինը (191,414 դրամ) բարձրացնել` դարձնելով 205,125 դրամ (ներառյալ ԱԱՀ)։ 

Նա շնորհակալություն հայտնեց «Վեոլիա ջրին»` կառուցողական մոտեցման համար`հույս հայտնելով, որ այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը, «Վեոլիա ջուր» ընկերությունը նոր հարաբերություններ կկառուցեն, «որովհետև մենք շատ շահագրգռված ենք, որ մեզ բարեկամ Ֆրանսիայի ընկերությունները Հայաստանում գործեն բարեհաջող, նորմալ պայմաններում և լինեն նոր ներդրումներ Ֆրանսիայից»։

«Եվ սա «Վեոլիա ջուր» ընկերության և մեր կառավարության արդյունավետ համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,– նշեց վարչապետի պաշտոնակատարը`հավելելով, որ պետք է շատ արագ լուծվի ջրի հասանելիության խնդիրը։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ–ն, որը ֆրանսիական «Veolia Generale des Eaux» ընկերության «դուստրն է», Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման միակ օպերատորն է։ 2017 թ.–ի հունվարի 1–ից «Վեոլիա ջրին» փոխանցվեց հինգ ընկերությունների («Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ– ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղ» և «Նոր Ակունք») գույքի կառավարումը։–0–