ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Միջազգային կառույցներն ու եվրոպական պետությունները չեն օգնում Հայաստանին սիրիացի փախստականների հարցում, ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
«Մենք մտադիր ենք դիմել միջազգային կառույցներին, քանի որ ո՛չ ԵՄ–ն, ո՛չ ուրիշ պետություններ (բացառությամբ Քուվեյթի, Ավստրիայի և Ռուսաստանի) չեն օգնում Հայաստանին սիրիացի փախստականների հարցում», – նշեց Հակոբյանը չորեքշաբթի սիրիացի փախստականների ինտեգրման թեմային նվիրված աշխատաժողովի ընթացքում։
Նախարարի խոսքով` ԵՄ–ն տրամադրել է 5 մլրդ եվրո տարբեր պետություններում փախստականների խնդրի լուծման համար, ԱՄՆ–ն տրամադրել է 5 մլրդ դոլար։
«Ստացվում է, որ միակ օգնությունը, որը Հայաստանը ստանում է միջազգային կառույցներից և պետություններից, երկրում գործող ՄԱԿ–ի գրասենյակի փոքր բյուջեն է», – ավելացրեց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ «The Economist» բրիտանական հրատարակության տվյալներով` Հայաստանը երրորդ տեղում է այն երկրների ցանկում, որոնք ընդունել են ավելի շատ թվով սիրիացի փախստականների։ Առաջին երկու հորիզոնականում Գերմանիան և Շվեդիան են։
«Եթե դիտարկենք այս ցուցանիշը բնակչության թվաքանակով, ապա Հայաստանն առաջին տեղում է, քանի որ յուրաքանչյուր հազարերորդ գերմանացուն բաժին է ընկնում մեկ–երկու փախստական, իսկ Հայաստանում այդ թիվը կազմում է հինգ–վեց», – ընդգծեց նախարարը։
ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով` Հայաստանում այսօր բնակվում են մոտ 16 հազար սիրիահայեր։–0–