Մեկնարկեց Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով առաջին կանոնավոր չվերթը

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունում Turkmenistan Airlines ավիաընկերությունը, առաջինն օգտագործելով օդի 5-րդ ազատությունը, այսօր` դեկտեմբերի 27-ին, առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել Աշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը պետք է շարունակվի երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, հայտնում են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
«Նախ, գործող ավանդույթի համաձայն և ի նշան անվտանգ թռիչքների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավն անցել է ջրային կամարի տակով, այնուհետև աղ ու հացով դիմավորել են առաջին կանոնավոր չվերթով Հայաստան ժամանած Թուրքմենհովայոլլարիի ծառայության(Թուրքմենստանի ավիացիոն իշխանություն) պետի տեղակալ Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչի գլխավորած պատվիրակությանը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, գործընկերներին շնորհավորելով չվերթի բացման կապակցությամբ, նշել է, որ ցանկացած նոր չվերթ դեպի Հայաստան, միանշանակ, դրական երևույթ է և հավելել, որ Աշխաբադ Երևան չվերթը եղել է պահանջված, բազմիցս քննարկված և բանակցված:
Տեղեկացնենք, որ Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: Առաջին կանոնավոր չվերթով Հայաստան է ժամանել 96 ուղևոր:-0-