Կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված բաց նամակով ոգեկոչել է Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցը

27.02.2016, 18:27
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված բաց նամակով ոգեկոչել է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 28-րդ տարելիցը։
Կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված բաց նամակով ոգեկոչել է Սումգայիթի ջարդերի 28-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Կոնգրեսին ուղղված բաց նամակով ոգեկոչել է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 28-րդ տարելիցը։

Ինչպես հայտնում է Asbarez-ը, կոնգրեսականը, ով հայամետ դիրքորոշում ունի, մանրամասն անդրադարձել է սումգայիթյան ջարդերի ընթացքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերին և անմարդկային բռնություններին:

«Ադրբեջանական խառնամբոխը սպանեց  հարյուրավոր հայերի, բռնաբարեց կանանց ու երիտասարդ աղջիկներին, անարգեց սպանվածների դիակներն ու այրեց դրանք: Այն երջանիկները, ովքեր կարողացան խուսափել սպանդից, թողեցին ամեն ինչ` հուսահատության մեջ փախչելով հեռու», – նշվում է Շիֆի նամակում։

Նրա խոսքով` այդ ջարդերը պատահականություն չէին, այլ ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ հակահայկական քարոզչության գագաթնակետը:

«Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չպատժեցին սարսափելի դեպքերի պատասխանատուներին, այլև առ այսօր փորձում են քողարկել տեղի ունեցածը», – նշել է Շիֆը։

Նրա խոսքով` Սումգայիթի սպանդով ամեն ինչ չավարտվեց, 2 տարի անց տեղի ունեցան տխրահռչակ Բաքվի ջարդերը:

«Այս դեպքերի հետևանքով Ադրբեջանում բնակվող 450.000 հայերն անհետացան»,-նշել է Շիֆը:

Այնուհետև կոնգրեսականը նկատել է, որ հայերի հանդեպ ատելությունը չի վերացել ու դեռ մի բան էլ ավելացել է: Այս կոնտեքստում կոնգրեսականը վերհիշել է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սոսկալի կացնահարության դեպքը, ինչից հետո Սաֆարովն իր հայրենիքում հերոս հռչակվեց:

«Այս տարի ապրիլին մենք կնշենք Հայոց ցեղասպանության` Թուրքիայի կառավարության կողմից առ այսօր հերքվող պատմական փաստի 101-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք թույլ չտալ նման դեպքերի կրկնությունը. կապ չունի, թե դրանք երբ են տեղի ունեցել` 101, թե 28 տարի առաջ։ Այսօր եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք սումգայիթյան ջարդերի ու վայրագությունների զոհերի հիշատակը։ Մեր բարոյական պարտավորությունն է դատապարտել այս ոճրագործությունը և հիշել զոհերին` միաժամանակ հուսալով, որ պատմությունը չի կրկնվի», – եզրափակել է Շիֆը։

1988թ. փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության լռակյաց թողտվությամբ, հայաբնակ Սումգայիթ (Ադրբեջանական ԽՍՀ) քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային կոտորածներ, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, սպանվել է 32 և վիրավորվել են հարյուրավոր հայեր։ Մի քանի օրվա ընթացքում Սումգայիթի 14 հազար հայ բնակիչները լքեցին քաղաքը։

Այդ ալիքի զոհ դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշքեսանի, Մինգեչաուրայի, Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայերը: Դա հանգեցրեց Ադրբեջանից դեպի Լեռնային Ղարաբաղ և Հայաստան փախստականների հոսքին:-0-