Ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 19-ամյա զինծառայողի մահվան փաստով

21.05.2018, 10:15
Արցախում 19–ամյա զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով։
Ինքնասպանությանը հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 19-ամյա  զինծառայողի մահվան փաստով

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին (մուտքային) և գլխի գագաթային (ելքային) շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:–0–