«Իմ քայլի» անդամն Ավագանու նիստին էր եկել նորածին որդու հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կայացած Երևանի Ավագանու արտահերթ նիստին «Իմ քայլի» անդամ Գայանե Վարդանյանը եկել էր իր նորածին երեխայի հետ։
Վերջինս նիստին մասնակցեց փոքրիկ երեխային կրծքին կապած։
Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստը սկսեց` առանձնահատուկ ողջունելով նիստի փոքրիկ մասնակցին։
«Առանձնահատուկ բարևում եմ ամենափոքրիկին, ով միացել է մեզ նիստի ժամանակ: Եկեք ծափահարենք բոլորս: Ահա, մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը», – նշեց Մարությանը։
Նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի այն հարցին, թե արդյոք առաջին անգամ է Գայանե Վարդանյանն Ավագանու նիստին մասնակցում երեխայի հետ, վերջինս դրական պատասխան տվեց։
«Այս քայլով ուզում եմ ուղերձ հղեմ բոլոր աղջիկներին, բոլոր մայրերին, ովքեր մտածում են, որ երեխա ունենալուց հետո իրենց անձնական կյանքը դադարում է, չէ չկա նման բան, երեխա ունենալով միայն բազմապատկվում է այն ուրախությունն ու ոգևորությունը, որ մարդ կարող է վայելել իր ցանկացած հաջողության համար։ Երեխայի ներկայությունն իմ կյանքում բացարձակ չի սահմանափակում իմ որևէ գործող զբաղվելը», – ասաց Վարդանյանը` նշելով, որ մայրանալն ավելի շատ էներգիա է բերում։
«Եվ այսպես հասարակությանը պետք է սովորեցնենք, որ ավելի բաց և ավելի դրական վերաբերվեն այս տեսակ փորձառությանը»,– նշեց Գայանե Վարդանյանը։ –0–