Հրապարակվել են ՍՈՒ-25-ի կործանման վայրի լուսանկարները. դիտարկվում է մի քանի վարկած (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքի վայրում շարունակվում են իրականացվել զննությունները։ Դեպքի վայր է հանդիսանում ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ գտնվող շուրջ 2 հեկտար լեռնային տարածքը, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ կապը կորել էր դեկտեմբերի 4-ին ժամը 10.20-ի սահմաններում։ ՊՆ–ի տվյալներով, դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: Ավելի ուշ, ՔԿ–ն հայտնեց, որ հայտնաբերվել է կործանիչի սև արկղը, հարուցվել է քրեական գործ։
Նշվում է, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է վթարի պատճառների վերաբերյալ մի քանի աշխատանքային վարկած, որոնք ստուգելու ուղղությամբ քննչական խմբում ընդգրկված քննիչները կատարում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելը), որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Նշանակվել են փորձաքննություններ։-0-