Հրապարակվել են մանրամասներ Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդում խեղդված 4–ամյա երեխայի մահվան դեպքով

19.02.2017, 11:10
Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդ գետում խեղդված 4-ամյա երեխայի մահվան դեպքն ակնհայտ անտարբերության հետևանք է:
Հրապարակվել են մանրամասներ Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդում խեղդված 4–ամյա երեխայի մահվան դեպքով
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ալավերդիում մանկապարտեզից դուրս եկած և Դեբեդ գետում խեղդված 4-ամյա երեխայի մահվան դեպքն ակնհայտ անտարբերության հետևանք է:

Դեպքի վերաբերյալ Pastinfo–ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Փոքրիկի ծնողները երեխային մանկապարտեզ են տարել նախ այն պատճառով, որ երեխան խոսելու հետ կապված խնդիրներ է ունեցել, ծնողները մտածել են, որ երեխան կշփվի հասակակիցների հետ, ինչը կօգնի երեխայի խոսքի զարգացմանը:

Թերևս սա լուրջ հիմք պետք է լիներ որպեսզի մանկապարտեզում երեխայի նկատմամբ է՛լ ավելի մեծ ուշադրություն դարձնեին:

Բացի այդ, աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի օրն առավոտյան մանկապարտեզը երեխաների համար նախատեսված սննդամթերք է ստացել, և երբ սննդամթերք բերող բեռնատարը մուտք է գործել մանկապարտեզի տարածք, դարպասները չեն փակվել, ինչի պատճառով երեխան անխոչընդոտ անցել է և դուրս եկել մանկապարտեզի տարածքից:

Загружается новость ... "Лево"

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին։ Առավոտյան երեխան մոր ուղեկցությամբ գնացել է նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ և մայրը երեխային հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը և հեռացել։

Նախնական տվյալներով՝ ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա է եղել, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ երեխան բացակայում է։

Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը, որից հետո սկսվել է երեխային որոնելու գործընթացը, կարճ ժամանակ անց փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում:

Երեխան բերանքսիվայր ընկած է եղել ջրում, ոտքերով դեպի ափամերձ մասը: Երեխային անմիջապես տեղափոխել են «Ալավերդու բժշկական կենտրոն», սակայն նա արդեն մահացած է եղել:

Ինչպես հայտնել էր Քննչական կոմիտեն, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը):

Մանկահասակ երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։–0–