Հայտնի բանասեր Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողները կալանավորվել են

13.06.2016, 11:41
Հայտնի բանասեր Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` 58–ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդները կալանավորվել են։
Հայտնի բանասեր Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողները կալանավորվել են
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի բանասեր Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` 58–ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդները կալանավորվել են։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի (սպանություն) մեղադրանքով հունիսի 8-ից հետախուզվում էին Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը:

Պարզվել են հայտնի բանասեր Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության դրդապատճառն ու մանրամասները>>
 
«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում` Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը հունիսի 12-ին, ժամը 4- ի սահմաններում, ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արարատ Նիկողոսյանը և Արտաշես Չիչոյանը կալանավորված են:

Հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Ավելի վաղ նույն գործով կալանավորվել էր մեկ այլ անձ՝ 1990 թ. ծնված Խաչիկ Կոսյանը:–0-