Հայտնաբերվել է Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա զինված հարձակում կատարած անձը. մանրամասներ

18.03.2016, 15:50
Ոստիկանները հայտնաբերել են Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարած անձին։
Հայտնաբերվել է Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա զինված հարձակում կատարած անձը. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները հայտնաբերել են Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարած անձին։

Shamshyan.comկայքի հաղորդմամբ, ոստիկաններն, իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների՝ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից Երևանի ոստիկանություն են բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի բնակիչ, 41-ամյա Աղասի Մնացականյանին:

Նա կասկածվում է օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում զինված ու դիմակավորված՝ տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ: Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալը կատարել էր հանցագործությունը և դիմել փախուստի:

Զինված հարձակման փորձ Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա>>

Կայքի հաղորդմամբ, Մնացականյանը հանցագործությունը կատարելուց առաջ Կորյունի փողոցում կանգնեցնում է Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Ռազմիկ Խշտոյանը, այն շահագործում էր որպես տաքսի, և պատվիրում է, որպեսզի Խշտոյանը իրեն տեղափոխի Ջրվեժ: Հասնելով Շիրակացու անվան վարժարանի մոտ՝ Մնացականյանն իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի ատրճանակը պահում է Խշտոյանի ուղղությամբ, կպչուն ժապավենով կապում ձեռքերն ու ոտքերը, կտորով փակում բերանը և նրան տեղափոխում մեքենայի հետևի նստելատեղ, ինչից  հետո ավազակային հարձակման փորձ է կատարում տարադրամի փոխանակման կետի վրա:

Հրապարակվել են Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա զինված հարձակման մանրամասները>>

Մարտի 16–ին կրակոցներ էին հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի վրա գտնվող «Երևան Սիթիի» հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում, հրազենի գործադրմամբ փորձել էր ավազակային հարձակում կատարել, սակայն չէր հասցրել իր սև գործն ավարտին։ Նա մի քանի կրակոցներ էր արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Համլետ Ասատրյանի ուղղությամբ և Mercedes-ով դիմել փախուստի։–0–