Զինված հարձակման փորձ Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա

16.03.2016, 19:27
Քիչ առաջ անհայտ անձը հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում գործել Գայի պողոտայում, «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա:
Զինված հարձակման փորձ Երևանի տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ անհայտ անձը հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում գործել Գայի պողոտայում, «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա, հայտնում է shamshyan. com-ը։

Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի հասցրել գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ է արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող աշխատակցի ուղղությամբ և Mercedes-ով դիմել է փախուստի:

Ֆոտոլրագրողի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատում է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները տարադրամի փոխանակման կետում հայտնաբերել եմ Մակարով տեսակի ատրճանակից արձակած 5 պարկուճ և 2 գնդակ: Կրակոցի արդյունքում վնասվել է նաև ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի աջ կողային դուռը:
Ավտոմեքենայի տակ էլ հայտնաբերվել է գնդակ:

Այս պահին ժամանեցին նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, 175 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: -0-