Հայկական շոու–բիզնեսը հասավ ԱԺ. ռեփեր ՀՏ Հայկոն կստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը

06.09.2017, 11:38
ՀՏ Հայկոն, հնարավոր է, առաջիկայում ստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը։
Հայկական շոու–բիզնեսը հասավ ԱԺ. ռեփեր ՀՏ Հայկոն կստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանը, նույն ինքը` ՀՏ Հայկոն, հնարավոր է, առաջիկայում ստանձնի ԱԺ բուֆետի կառավարումը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Երեկ նա մի խումբ երիտասարդների հետ այցելել է բուֆետ, որպեսզի հասկանա, թե ինչքանով է նպատակահարմար դրա շահագործումը:

«Մտադրություն կա, բայց դեռ ուսումնասիրում ենք, որ հասկանանք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ: Երբ կլինի վերջնական որոշում, կխոսենք», – նշել է ռեփերը։

Հայկոն ասել է նաև, որ ինքը «Բուֆետ-ֆուշետ» ընկերություն է բացել Սարյան փողոցում, հիմա ուզում է ընդլայնել գործունեությունը։

ԱԺ բուֆետի նախկին աշխատակիցները երեկ արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ են եղել, նրանց վստահեցրել են, որ շուտով հեռանալու են:

Թերթի հոդվածում նաև նշվում է, որ Հայկոն այս ոլորտում առաջին քայլերը չի անում։ Նա 90-ականների հիշողությունների վրա կառուցված «90's Cafe-Pub»-ի համասեփականատերերից է:

«Իսկ ԱԺ ճաշարանը 2014թ.-ից աշխատեցնում է «Ազգային սնունդ» ընկերությունը, որի ղեկավարությունը վիրավորված է ԱԺ ղեկավարության վերաբերմունքից, քանի որ դեռևս 2009թ.-ին «Ազգային սնունդ»-ին է հանձնվել, հետո ինչ-ինչ պատճառներով մի քանի անգամ հրաժարվել են, ապա նորից հետ կանչել», – նշվում է հոդվածում։

Տնօրենն ասել է, որ ընկերությանը չեն տեղեկացրել, որ մրցույթ են հայտարարում, որպեսզի բուֆետի շահագործման նոր ընկերություն ընտրեն։–0–