Հայ զինծառայողները սովորում են աշխատել ամերիկյան վարժասարքերով

15.07.2016, 20:32
«ՄԱՅԼՍ» համակարգի վարժասարքերը հայկական կողմը ձեռք է բերել ամերիկյան կառավարության «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակում մոտ մեկ տարի առաջ:
Հայ զինծառայողները սովորում են աշխատել ամերիկյան վարժասարքերով

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 11-ից ՀՀ զինված ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկել է ամերիկյան մասնագետների կողմից անցկացվող Թիրախների խոցման և հրաձգության լազերային վարժասարքերի սարքավորումների շահագործման և վերանորոգման երկշաբթյա դասընթացը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՄԱՅԼՍ» համակարգի վարժասարքերը հայկական կողմը ձեռք է բերել ամերիկյան կառավարության «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակում մոտ մեկ տարի առաջ:

Սարքավորումների ստացումից հետո ամերիկյան կողմը իրականացնում է «ՄԱՅԼՍ» համակարգի ընթացիկ սպասարկում` պարբերաբար կազմակերպելով շահագործման և վերանորոգման դասընթացներ:

«Նշված վարժասարքերը հնարավորություն են ընձեռում մարտական տեխնիկայի և հրաձգային զինատեսակների կիրառմամբ ուսումնական անգդակ փամփուշտներով իրականացնել զորավարժություններ մարտական գործողություններին հնարավորինս նմանեցված պայմաններում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Առաջիկայում նախատեսվում է Հայաստան առաքել նաև «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների համակարգչային կենտրոնը և օժանդակ սարքավորումները:

«Նշված տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա համաժամանակյա հետևել «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների կիրառմամբ իրականացվող զորավարժություններին մասնակից ստորաբաժանումների տեղաշարժին, գործողություններին և իրականացնել զորավարժության արդյունքների վերլուծություն», – նշվում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել «ՄԱՅԼՍ» սարքավորումների լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերում ևս երկու վաշտի համար, որը հնարավորություն կտա սարքավորումների կիրառմամբ անցկացվող զորավարժությունները բարձրացնել մինչև գումարտակի մակարդակ:–0-