Հայ կանանց մոտ քաղցկեղի դեպքերի կեսը կապված է կանացի օրգանների ախտահարման հետ. փորձագետ

20.05.2016, 18:48
Հայ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների գրեթե կեսը բաժին է հասնում կրծքագեղձի և վերարտադրողական օրգանների քաղցկեղին:
Հայ կանանց մոտ քաղցկեղի դեպքերի կեսը կապված է կանացի օրգանների ախտահարման հետ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների գրեթե կեսը բաժին է հասնում կրծքագեղձի և վերարտադրողական օրգանների քաղցկեղին, հայտարարեց «Նաիրի» բժշկական կնետրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արտեմ Ստեփանյանը։

«2015 թ.–ին հիվանդացած կանանց 45 տոկոսի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ` 1093 դեպք և 718 դեպքում` արգանդի քաղցկեղ», – ուրբաթ ասուլիսի ժամանակ նշեց Ստեփանյանը:

Նա ավելացրեց, որ քաղաքներում բնակվող կանանց ավելի շատ են սպառնում օնկոգինեկոլոգիական հիվանդությունները, քան գյուղերում բնակվող կանանց։ «Օնկոգինեկոլոգիական հիվանդության երիտասարդացման պատճառն ուրբանիզացիան է», – կարծում է ուռուցքաբանը։

Նրա խոսքով` հիմնական խնդիրը տեղացի բժիշկների նկատմամբ հիվանդների վստահության բացակայությունն է։

«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանն իր հերթին հայտարարեց, որ օնկոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժման համար Հայաստանում հարկավոր է հրաժարվել խորհրդային մեթոդներից և փոխել ողջ համակարգը` առաջնորդվելով թիմային աշխատանքի սկզբունքով։

«Հարկավոր է հրաժարվել խորհրդային մեթոդներից, երբ մի բժիշկն իր վրա է վերցնում մի շարք նեղ մասնագետների գործառույթներն ու անձամբ որոշումներ է ընդունում։ Հարկավոր է թիմային աշխատանք իրականացնել` հաշվի առնելով «երկրորդ կարծիքի» սկզբունքը», – ընդգծեց Բադալյանը։

ԱՀԿ–ի վերջին տվյալներով` Հայաստանում 2012 թ.–ին ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցիչը կազմում է 188,01։ Նույն տարվա տվյալներով` մահացության ավելի բարձր ցուցանիշներն են գրանցվել Հունգարիայում (238,68), Խորվաթիայում (209,83), Սերբիայում (201,37), Լատվիայում (194,52), Լեհաստանում (191,87), ինչպես նաև ԵՄ անդամ երկրներում (191,8)։–0–