Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

05.01.2016, 23:10
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։

Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության տոնը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է միասնաբար հունվարի 6-ին՝ «Աստվածահայտնության» ընդհանուր անվան ներքո։

Սուրբ Ծննդյան տոնակատարությունը սկսվում է հունվարի 5-ին և շարունակվում է հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս.Պատարագ։ Այդ օրը երեկոյան մարդիկ իրենց հետ տուն են տանում եկեղեցում վառված ճրագներն ու մոմերը, որոնք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը:

Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:

Հունվարի 6-ին Ս. Ծննդյան Ս.Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը Ս.Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

Ս.Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս.Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը։ Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր:

Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Այնուամենայնիվ, հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս.Եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները:

Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է։ Հայաստանում քրինստոնեությունն ընդունվել է 301 թվականին։ Առաջին հայ կաթողիկոսն է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ -0-