Հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։
«Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության կապակցությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Վիրահատված ոստիկանը տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հոսպիտալ։
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են առողջական վիճակին համապատասխան բուժում։
«Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։
Ապրիլի 17–ին ՀՀ ԱԺ–ն 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։–0–