«Հաց բերող» Արթուր Սարգսյանը կարող է ազատ արձակվել պատգամավորների երաշխավորությամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

06.03.2017, 11:04
Արթուր Սարգսյանը, ով սնունդ էր տարել 2016 թ.–ի ամռանը ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի մի խումբ  պատգամավորների երաշխավորությամբ։
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը կարող է ազատ արձակվել պատգամավորների երաշխավորությամբ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Արթուր Սարգսյանը, ով սնունդ էր տարել 2016 թ.–ի ամռանը ՊՊԾ գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվի մի խումբ պատգամավորների երաշխավորությամբ, Facebook–յան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, պատգամավորները հանդիպել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ով պատրաստակամություն է հայտնել բավարարել նրանց միջնորդությունն ու փոխել կալանավորի խափանման միջոցը։

Հուլիսին Արթուր Սարգսյանը սեփական մեքենայով ներխուժել էր ՊՊԾ գնդի տարածք, որպեսզի «Սասնա ծռերին» սնունդ փոխանցի։

Դեկտեմբերի վերջին նա ազատ էր արձակվել երկրից չբացակայելու ստորագրության ներքո, սակայն փետրվարին կրկին կալանավորվել էր խափանման այդ միջոցի համար սահմանված ընթացակարգերի խախտման պատճառով։ Երկրորդ կալանավորումից հետո Սարգսյանը հացադուլ է հայտարարել, ինչի պատճառով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները 2016 թ.–ի հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին իշխանության հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։

Հուլիսի 17-31-ը, մինչ խումբը գրավել էր շենքը, ՊՊԾ գրավված գնդի շենքի տարածքում անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն զինված խմբավորման, որոնք պարբերաբար վերածվում էին իրավապահների հետ բախումների, որոնց ընթացքում տասնյակ մարդիկ մարմնական վնասվածքներ էին ստացել: Զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցվել էին քրեական գործեր, մի խումբ անձանց մեղանդրանք էր առաջադրվել:

Հուլիսի 31-ին զինված խմբավորումը հանձնվեց իշխանություններին: Այդ ընթացքում զոհվել է 3 ոստիկան, խմբավորման անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կային վիրավորներ: Քրեական գործը, որի շրջանակում կալանավորվել են տասնյակ մարդիկ, հարուցվել է ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասի (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) հատկանիշներով: –0–