Հայկական կառավարական կայքերը ենթարկվել են DDoS հարձակման, սակայն չեն կոտրվել. փորձագետ

06.04.2016, 15:38
Հայկական կայքերը ենթարկվել են DDoS հարձակման, սակայն չեն կոտրվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հայկական կառավարական կայքերը ենթարկվել են DDoS հարձակման, սակայն չեն կոտրվել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կայքերը ենթարկվել են DDoS հարձակման, սակայն չեն կոտրվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` մեկնաբանելով Հայաստանի կառավարական կայքերի վրա կիբերգրոհների մասին թուրք հակերների հայտարարությունները։

Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացրել են, որ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից հետո  թուրքական հակերները կազմակերպել են մի շարք կիբերգրոհներ Հայաստանի կառավարական կայքերի վրա` ժամանակավորապես կաթվածահար անելով նրանց աշխատանքը։

Փորձագետի խոսքով` հայկական կառավարական կայքերը չեն կոտրվել, սակայն շատերին, որոնք չգիտեն մանրամասները, թվում է, թե նման գրոհը նշանակում է կայքի կոտրում։

«Եղել և շարունակվում են նման DDoS հարձակումները, որոնց նպատակը սերվերների ծանրաբեռնումն է։ Նրանց է ավելանում սովորական օգտատերերի աննախադեպ հետաքրքրությունը։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ Ղարաբաղում լարվածության սրման առաջին երկու օրը կայքերը դանդաղ էին աշխատում», – նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով` այս պահին հայկական կայքերի պաշտպանությունը լրջորեն ուժեղացված է։

«Հստակ չի կարելի ասել` գրոհում են հենց թուրք հակերները, թե ոչ, քանի որ նման գրոհների դեպքում հարձակվողներին իդենտիֆիկացնելն անհնար է, այդ պատճառով մնում է միայն հավատալ նրանց խոսքերին», – նշեց նա։

Մարտիրոսյանի խոսքով` հայկական հակերական խմբերը ևս ակտիվորեն հարձակվում են ադրբեջանական ռեսուրսների վրա, և Ադրբեջանի կառավարության կայքը երկար ժամանակ չէր աշխատում նման հարձակումների պատճառով:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–