Դադարեցվել է «Բիոպարոքս» դեղի շրջանառությունը

22.04.2016, 20:48
«Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել է։
Դադարեցվել է «Բիոպարոքս» դեղի շրջանառությունը
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել է։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` Հիմք ընդունելով «Լես Լաբորատոիրես Սերվիե» դեղագործական ընկերության գրությունը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2016 թվականի ապրիլի 21-ի թիվ 0101069616 եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 1213-Ա հրամանով դադարեցվել և անվավեր է ճանաչվել «Բիոպարոքս, (ֆուզաֆունգին)» դեղի բոլոր խմբաքանակների շրջանառությունը:

«Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով` «Լես Լաբորատոիրես Սերվիե» ֆրանսիական դեղագործական ընկերությունը որոշել է ողջ աշխարհում դադարեցնել ֆուզաֆունգինի պարունակությամբ դեղերի շրջանառությունը և հետ է կանչել դրանց կիրառման թույլտվությունը։ Նշվում է, որ ֆուզաֆունգինը կարող է հանգեցնել անաֆիլակտիկ շոկի, որն էլ իր հերթին հազվադեպ դեպքերում կարող է մահացու լինել։ –0–