Բժիշկը ներկայացնում է հնգյակից կենդանի մնացած եռյակի բուժման մանրամասները

10.05.2017, 11:56
Այս պահին կայուն է վիճակը, իրենք դեռ շնչառական օժանդակություն են ստանում, նշել է ՀՀ գլխավոր նեոնատոլոգը։
Բժիշկը ներկայացնում է հնգյակից կենդանի մնացած եռյակի բուժման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 3–ին Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից երեք երեխաների վիճակն անփոփոխ է, նրանք շնչառական օժանդակություն են ստանում և կերակրվում են նվազագույն չափով, հաղորդում է armtimes–ը։

«Վիճակի վատացում չի նկատվում, բայց իրենք դեռ մեկ շաբաթական են, նման երեխաների բուժումը լավագույն դեպքում երկու ամիս է տևում: Հեռուն գնացող որեևէ կանխատեսում առայժմ չենք կարող անել: Այս պահին կայուն է վիճակը, իրենք դեռ շնչառական օժանդակություն են ստանում, դեռ թթվածնի կարիք ունեն, դեռ շատ մինիմալ էնտերալ կերակրում են ստանում: Պատկերացրեք յոթ միլիլիտր կաթ է լցվում բալիկի ստամոքսը երեք ժամը մեկ: Նրանք ծծման, կլման ռեֆլեքսներ չունեն, շատ փոքր են: Այսինքն` դա դեռ շատ վաղ է լավ լինելու համար: Դեռ բուժման երևի տասը տոկոսն է կատարվել», –  նշել է ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը` ընդգծելով, որ առանձին փուլերում բուժումն իրականացվում է հարյուր տոկոսով:

Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հայտարարվել էր, որ երեխաներից երկուսը պետք է շնչեն առանց շնչառական սարքի: Այս առնչությամբ Մազմանյանը պարզաբանել է. «Ապարատները տարբեր են: Կա ինվազիվ, շատ ագրեսիվ արհեստական շնչառության, երբ ինկուբացիոն խողովակը մտնում է թոքերի մեջ և ապարատն է փչում դրական ճնշումով: Դա ուղղակի կատարվում է ծանր վիճակում, կյանք փրկելու նպատակով: Կա ոչ ինվազիվ շնչառական թերապիա, երբ քթով են ճնշում տալիս, բալիկը ինքն է շնչում, բայց քթին ստանում է թթվածին»:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող երկու աղջիկների վիճակը գնահատվում է կայուն ծանր,  «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում գտնվող տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ մայիսի 3–ին «Էրեբունի» ԲԿ–ում հնգյակ էր ծնվել, որոնցից երկուսը, դժբախտաբար, մի քանի օր անց մահացան։ Այս պահին բժիշկները պայքարում են եռյակի` երկու աղջկա և մեկ տղայի կյանքը փրկելու համար։–0–