Այսօր Արցախում զոհված զինծառայողը մանկահասակ երեխայի հայր էր, ապրիլյան պատերազմի մասնակից

11.10.2016, 21:00
Նա մի քանի տարի է, ինչ պայմանագրային ծառայության էր անցել Մարտունիում:
Այսօր Արցախում զոհված զինծառայողը մանկահասակ երեխայի հայր էր, ապրիլյան պատերազմի մասնակից

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր կեսօրին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 27-ամյա Սանասար Մավրիկի Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Հերհեր գյուղից էր, գրում է Yerkir.am–ը։

Կայքի հետ զրույցում զինծառայողի ընկերները հայտնել են, որ նա մի քանի տարի է, ինչ պայմանագրային ծառայության էր անցել Մարտունիում:

Սանասարն ունի 3 քույր, մեկ եղբայր: Ամուսնացած էր, մանկահասակ երեխայի հայր:

Հակառակորդի արձակած կրակոցից զոհված զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել ձախ թիակի շրջանում. հարուցվել է քրեական գործ>>

«Շատ համեստ, շնորհքով, բոլորին հասնող տղա էր, մեծին հարգող... Ապրիլի պատերազմի ժամանակ էլ ակտիվ մասնակցել է, ինչ առաջադրանք տվել են,  պատշաճ կատարել է»,- նշել են զինծառայողի ընկերները:

Սանասար Գրիգորյանին կհուղարկավորեն հայրենի գյուղում:–0–