Արդեն իրականություն է. բացահայտեք Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից

21.06.2018, 15:45
Հայաստանում ուղղաթիռով ճամփորդելն արդեն իրականություն է:
Արդեն իրականություն է. բացահայտեք Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ հունիսի 21-ին, օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, հաղորդում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը։

Ընկերությունն այսուհետ ամերիկյան Robinson R66 և մոտ ապագայում նաև եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ կիրականացնի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով տեսարժան վայրերը բացահայտել թռչնի թռիչքի բարձրությունից:

Ընկերության գործունեությունը կարող է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը և Հայաստանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացմանը: 

Հիշեցնենք, որ ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր: –0–