ՀՀ արդարադատության նախկին նախարարը հերքել է Վիսոցկու վերջին բանաստեղծությունները գնելու մասին խոսակցությունները

28.11.2015, 17:55
ՀՀ նախկին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հերքել է խոսակցություններն այն մասին, թե նա աճուրդում ձեռք է բերել Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունները։
ՀՀ արդարադատության նախկին նախարարը հերքել է Վիսոցկու վերջին բանաստեղծությունները գնելու մասին խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հերքել է ԶԼՄ–ներում շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե նա աճուրդում ձեռք է բերել Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունները։

«Ցավոք, մամուլում շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում՝ չնայած նրան, որ Վլադիմիր Վիսոցկին ինձ համար եղել և մնում է անգերազանցելի երգիչ», – գրել է Մանուկյանը Facebook–յան իր էջում։

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ձեռք է բերել Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը >>

Նախկին նախարարի խոսքով` նա, իհարկե, չէր հրաժարվի որպես հուշ ունենալ Վիսոցկուն պատկանած որևէ իր, սակայն ինչպես նրա շատ երկրպագուներ, ինքը նույնպես լրատվամիջոցներից է տեղեկացել արդեն իսկ ավարտված աճուրդի մասին։

«Այնուամենայնիվ մի նամակ կա, որ դեռ չի վաճառվել» – կատակել է Մանուկյանը։

1980 թ.–ի հունիսի 11–ին փարիզյան մետրոյի տոմսի վրա գրված Վիսոցկու վերջին բանաստեղծության ինքնագիրը վաճառվել է 200 հազար եվրոյով, իսկ բանաստեղծությունը նվիրված է եղել Մարինա Վլադիին։–0–